Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող, ամբողջ տարածաշրջանում իր տեսակով եզակի «ԼԵՎ» ախտորոշիչ կլինիկան այսուհետ գործում է նոր ու առավել որակյալ սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած մասնաշենքում: Կլինիկան իր աշխատանքն սկսել է 2012 թվականին՝ հիմնադիր տնօրեն, մանկաբույժ ու սոնոգրաֆիստ Համայակ Ադամյանի ջանքերով:

Վերջինս նշեց, որ կլինիկայում գործում են հետևյալ բաժինները՝ սոնոգրաֆիա (ՈւՁՀ), գինեկոլոգիական, սրտաբանական, էնդոկրինոլոգիական, մանկաբուժական:
Կլինիկան ունի նաև 24-ժամյա Հոլթեր հետազոտություն, էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն, աուդիոմետրիա, կանխարգելիչ բուժզննումներ, լաբորատոր ախտորոշում:
     Նոր մասնաշենք տեղափոխվելը հնարավորություն է տվել նաև առավել մատչելի ծառայություն մատուցել սահմանաբնակ շրջանի բնակչությանը:
Համայակ Ադամյանը խոսեց նաև կլինիկայի այլ ձեռքբերումների մասին. «Տարածաշրջանի համար մեծ նորամուծություն է հեռահաղորդակցական բժշկության ներդրումն, ինչի շնորհիվ բնակիչներին օնլայն խորհրդատվությունների միջոցով կսպասարկեն նաև երևանյան մասնագետները»: Կլինիկան իր մատուցած ծառայություններով ու նորագույն սարքավորումներով միակն է Տավուշի մարզում, բացառությամբ Դիլիջանում գործող «Տավուշ» կենտրոնի: Մենք նաև մտցրել ենք եզակի ծառայություն՝ երեխաների կանխարգելիչ բուժզննում: Այցելում ենք գյուղեր, բոլորովին անվճար հիմունքներով, կլինիկայի հաշվին իրականացնում 2-15 տարեկան երեխաների այնպիսի բուժզննումներ, որոնք պետության պլանային հետազոտությունների մեջ չեն մտնում: Վաղ փուլում հայտնաբերել ենք մի շարք խնդիրներ՝ անեմիաներ, ճիճվակրության բազմաթիվ դեպքեր: Շատ կարևորում ենք 12-15 տարեկան աղջիկ երեխաների, մեր ապագա մայրերի որովայնի խոռոչի հետազոտությունները: Շաքարային դիաբետով հիվանդ՝ մինչև 18 տարեկան երեխաների բոլոր հետազոտութւոյւնները ևս իրականացվում են անվճար: Իրականացնում ենք նաև միայնակ տարեցների մատչելի հետազոտություն՝ հնարավորություն տալով արտասահմանում գտնվող նրանց երեխաներին՝ օնլայն վճարումներ անել արտասահմանից»:
‪Նշենք նաև, որ նոր սարքավորումների ձեռբերմանը մեծապես աջակցել է Fokus of children («Կիզակետում երեխաներն են») կազմակերպությունը: Իր օգնությունն են ցուցաբերել նաև ՀՕՖ-ն՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև անհատ բարերարներ: