Աշնանային տերևները, որ սահում իջնում են վերևից հուշում են, որ տաք հագնվելու ժամանակն է:
Դեղինի ու կանաչի «արքա» աշունը ֆավորիտ եղանակ է հատկապես բոլոր նրանց համար, ովքեր ամառվա տապից հոգնած ու մի քիչ էլ սպառված, մեծ անհամբերությամբ սպասում են լոնգսլիվերի, ժակետների ու պիջակների հետվերադարձին։

2022 թվականի աշուն/ձմեռ նորաձևության միտումների համընդհանուր տրամադրությունը կարելի է ամփոփել մեկ բառով՝ նոստալգիա: Ի դեպ, նոստալգիա` հարմարեցված տարիքին, փորձառությանն ու հետաքրքրություններին:

Աշնանային նորաձևության 2022-ի պահանջները եկեք ուսումնասիրենք միասին։

Երկարափեշ զգեստներ

Թեև մինիները, վստահաբար, միշտ աչք շոյող են ու թրենդային, բայց այս աշունը երկա՜ր, հատակին հասնող փեշերով զգեստների «մասին» է։

  Պանկ ֆուտուրիզմ



Punk-ը վերադառնում է աշնանային նորաձևության առաջատար դիրքեր, ինչպես վկայում են Louis Vuitton-ի, Dior-ի, Givenchy-ի նոր հավաքածուները՝ ֆուտուրիստական, «ըմբոստ» և չենթարկվող կտորներով, վանդակավոր, կաշվե կամ ծանր մետաղական զարդանախշերով:

Դասականն ու լյուքսը

 Մինչ թենիսը, գոլֆը և քանթրի ակումբների էսթետիկան իշխում են գարնանն ու ամռանը, աշունը նախապատրաստում է նորարարական մոտեցումներ ու շունչ` դասական հիմքերի վրա: Ծալքավոր կիսաշրջազգեստներ և բլեյզերներ, բոմբերներ և տրիկոտաժներ՝ լյուքս ոճով, օրինակ՝ կաշվից և արհեստական մորթուց: Բացի այդ, մոդայիկ են նաև հաստլիկ տակացուներով կոշիկները, որոնք արդիական և թրենդային են դարձնում դպրոցականների լուքերը։

Կաշի, կաշի և նորից կաշի

Կաշին համարձակորեն ներխուժում է բոլոր նորարարական հավաքածուներում: Khaite-ն, Versace-ն և Roberto Cavalli-ն հասցրել են հիացնել նրբագեղ կաշվե հավաքածուներով: Ի դեպ, կաշվի հետ այս աշնանը համադրվում են նաև վառ գույներն ու փայլերը:



Էսքտրա մեծ վերարկուներ

Այո, այս տարվա աշնանային թրենդերից մեկը «պապիկի վերարկուներն» են: Հարմարավե՞տ են, գուցե: Գունային գամման պաստելային կարող է լինել, հեշտ համադրելի հագուստի մնացած դետալների հետ:

Ծնկից վեր երկարաճիտ կոշիկներ

 Վերադարձել են մեր սիրած երկարաճիտ կոշիկները` բազմաթիվ «նորություններով»` նոր գունային գամմա, կտորների և կաշվի բազմազանություն, կրունկների նոր ձևեր ու տեսակներ: Ի դեպ, Վիկտորիա Բեքհեմը և Իզաբել Մարանտը հանդես են եկել երկարաճիտ կոշիկների աչքի ընկնող տարբերակներով։

Տնային տաբատներ

Անցյալ աշնանը ցանկացած շքեղ զգեստապահարանում կար գոնե մեկ ճեղքվածքով լեգինս՝ համադրված լոֆերների և մեծ չափի կաշմիրե տրիկոտաժի հետ: Արդյունքում ստացված տեսքը անհերքելիորեն շքեղ էր: Բայց այս տարի տաբատների նոր ոճը գրավել է բոլոր խանութների ցուցափեղկերն ու հակադրվում է նեղ լեգինսներին` լայնությամբ և «տնային», «չխնամված» տեսքով: Պրակտիկություն. ահա այն, ինչի համար ստեղծվել են այս տաբատները:

 

Սովորաբար, երբ մտածում ենք աշնանային գույների մասին, միանգամից մի քանիսն են մտքում գալիս՝ մուգ կարմիր, մանանեխի կանաչը, շոկոլադե շագանակագույն, որսորդական, մուգ կանաչ և այլն: Բայց այս աշունն ավելի դեղին, վարդագույն ու կապույտ կլինի` պաստելային երանգներով:

 

Հագուստի թրենդը, իհարկե, թրենդ, բայց աշունն առանց տաք թեյի ու սիրելի տաք շարֆերի մի քիչ անիմաստ կլինի: Այնպես որ աքսեսուարների թրենդերին էլ անպայման հետևիր, որ «սազես» աշնան հետ: